«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող քաղաքացիներին հորդորում է վաղը՝ հոկտեմբերի 1-ին, հավաքվել ԱԺ մուտքի մոտ եւ փակել դռները հարցուպատասխանի եկող՝ Կառավարության ներկայացուցիչների առջեւ: Նման հայտարարությամբ պատգամավորը հանդես եկավ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, երբ Հանրապետական խմբակցության պատգամավորները՝ խորհրդարանական քառյակի կողմից նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալեցին՝ չներկայանալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների փաթեթի քննարկմանը:

«Այսօր մենք միասնական գնացել ենք դահլիճ, բայց չենք կարողացել հավաքել այնքան ձայներ, որպեսզի տեղի ունենա արտահերթ նիստը: Քանի որ քաղաքական մեծամասնությունն է ձեւավորել Կառավարություն, եւ մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչներ են Կառավարության անդամները, ես առաջարկում են վաղը Կառավարության ներկայացուցիչների առաջ փակել դռները»,- ասաց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը:

Հեղինե Բիշարյանը ԱԺ շենքի մոտ հավաքված հարյուրավոր առեւտրականների կոչ արեց միասնական լինել եւ հետ չկանգնել պայքարից. «Մեզ անհրաժեշտ է ձեր ուժը եւ ձեր միասնականությունը, որպեսզի մենք պարտադրենք Կառավարությանը կամք դրսեւորել»:

Նշենք, որ այսօր խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորների, ձախողել է խորհրդարանական քառյակի կողմից նախաձեռնած Ազգային Ժողովի արտահերթ նիստը: Խորհրդարանի ոչ իշխանական քառյակը Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար 49 ստորագրություն էր հավաքել, սակայն գրանցվել է 37 պատգամավոր՝ քվորում չի ապահովվել: Արտահերթ նիստին ծրագրվում էր քննարկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից մշակվող «Շրջանառության հարկի մասին» նոր օրինագիծը:

Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրինագծի համաձայն, առեւտրականները պետք է ընտրության հնարավորություն ունենան. կամ աշխատել հին օրենքով եւ վճարել 3.5% հարկ, իսկ հարկային մարմնին շրջանառության մասին տեղեկատվություն չտրամադրել, կամ աշխատել նոր օրենքով, վճարել 1%, սակայն հարկային մարմնին ներկայացնել շրջանառության մասին հաշվետվություն:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի, առեւտրականներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, հակառակ դեպքում ձեռնարկությունը կտուգանվի: