«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող քաղաքացիները հոկտեմբերի 10-ին կմասնակցեն խորհրդարանական ոչ իշխանական եռյակի հանրահավաքին, եթե մինչեւ այդ օրենքը չկասեցվի եւ իրենց պահանջները չբավարարվեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքող առեւտրականներից Անահիտ Սուքիասյանը։

«Հարյուր տոկոս, եթե խնդիրը չլուծվի, ես ինքս կմասնակցեմ այդ հանրահավաքին, չուզենալով էլ կմասնակցեմ: Ես երկու ճանապարհ ունեմ՝ մահ կամ կյանք: Մենք չենք սիրում այդ հանրահավաքները, բայց իրենք թող այնպես անեն, որ դրա կարիքը չլինի: Եթե չլուծվի, եթե առանց աշխատանք մնանք, ի՞նչ պիտի անենք, պիտի գնանք: Իրենք պետք է այնպես անեն, որ հանրահավաք չլինի ու ոչ թե ուժով, այլ մեր պահանջները բավարարելով: Աստված ոչ անի, որ մինչեւ հոկտեմբերի 10-ն այս հարցը չլուծվի»,-  ասաց Անահիտ Սուքիասյանը:

NEWS.am-ի հետ զրույցում մի քանի առեւտրականներ եւս ասացին, որ պատրաստվում են մասնակցել հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի կազմակերպած հանրահավաքին:

Նշենք, որ նախօրեին, Հանրապետական խմբակցության պատգամավորները՝ խորհրդարանական քառյակի կողմից նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալեցին՝ չներկայանալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների փաթեթի արտահերթ քննարկմանը, պատգամավորները դուրս եկան զրուցելու ԱԺ շենքի մոտ հավաքված առեւտրականների հետ եւ նրանց տեղեկացրին, որ եթե վիճահարույց օրենքը չփոփոխվի, այն կդառնա հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրակարգային հարց:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։