Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում արտագաղթ կա, սակայն տեմպերը չեն աճում: Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում վստահ հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով գեներալ մանվել Գրիգորյանի որդին է:

Նրա խոսքով՝ այսօր նույնիսկ դժվար է Էջմիածնում վարձով բնակարան գտնելը, քանի որ բոլորը բնակեցված են:

«Երբ մի քանի տարի առաջ սիրիահայեր եկան Հայաստան, մի մասը ցանկանում էր Էջմիածնում բնակվել, սակայն մեկ-երկու տուն հազիվ գտանք, սա նշանակում է, որ մեզ մոտ բոլոր բնակարաններում մարդիկ ապրում են: Իհարկե, չեմ կարող ասել, որ արտագաղթ ընդհանրապես չկա, սակայն տեմպերն այնքան էլ շատ չեն»,- ասաց Կարեն Գրիգորյանը:

Քաղաքապետը նաեւ ընդգծեց, որ միայն քաղաքապետարանն իր ենթակայության տակ ունի 800 աշխատատեղ, վերջին տարիներին լուծվել է նաեւ ջրամատակարարման, փողոցների լուսավորության, աղբահանության խնդիրները:

«Իմ աշխատած տարիներին մենք նաեւ շենքերի տանիքները, մուտքերն ենք վերանորոգել: Ունենք 300 աշխակերտ ունեցող նկարչական դպրոց, երաժշտական դպրոց, մանկապարտեզներն են գազաֆիկացվել»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է: 2008թ.-ին ընտրվել է, իսկ 2012թ.-ին վերընտրվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: