«Նոյեմբերի 5-ի» գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանն իր պաշտպանական ճառն ուղղեց ոչ թե դատարանին, այլ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Մեծարգո նախագահ, եթե ոմանց հաջողվել է Ձեզ ապակողմնորոշել այն աստիճանի, որ Դուք հետ չեք կանգնի մեր պաշտպանյալներին տված գնահատականից եւ ոչինչ չեք փոխի, ինչ էլ ասենք՝ անհնար է, որ բան փոխվի, որովհետեւ Հայաստանում դժվար կլինի գտնել մի պաշտոնյայի կամ դատավորի, որը կհամարձակվի գործել Ձեր կամքին հակառակ։ Հուսով ենք, որ Դուք ցանկանում եք՝ Հայաստանը դառնա իրավական պետություն, իսկ դատարաններն էլ՝ արդարադատություն իրականացնող, ոչ թե որեւէ մեկի պատվեր կատարող մարմին»,-ասաց փաստաբան Արա Զաքարյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարաններն անկախ չեն, ուստի ինքը դիմում է նրան, ով այս քրեական գործով որոշում է կայացնելու, միեւնույն ժամանակ, չի ուզում հավատալ, որ այդ որոշում կայացնողը հենց երկրի առաջին դեմքն է։

«Դատարանները քրեական գործերով, հատկապես քաղաքական կոնտեքստ ունեցող եւ  հնչեղություն ստացած գործերով անկախ չեն, ուստի ցանկանում  եմ դիմել այն պաշտոնյային, որն իրականում այս գործով որոշում է կայացնում, կամ, այսպես ասած, գործի «քավորն է»։ Մեր նախագահի հանդիպումից հետո, երբ մեր պաշտպանյալներին անվանեց հանցագործ, դիրքորոշումը չէր կարող չփոխվել, ուստի ուզում ենք հավատալ, որ սույն գործի հետեւում կանգնածը հանրապետության առաջին դեմքը չէ,  այլ ուրիշ պաշտոնյա է, որն ամեն ինչ անում է, որ այս գործով ձերբակալվածներին ներկայացնի որպես հանցագործ։ Ոզում եմ հավատալ, որ մեր նախագահի կողմից Շանթ Հարությունյանի եւ մյուսներին տրված գնահատականը դրա արդյունքը չէ»,-ասաց փաստաբանը:

Արա Զաքարյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններն անգամ չեն կարող դատարանն անկախ եւ անկաշկանդ դարձնել, մինչեւ չվերանան դատարանի վրա ճնշումները:

«Հուսով եմ՝ այս դեպքին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո ձեր տեսակետը կփոխեք՝ դատարաններին հնարավորություն տալով իրականացնել արդարադատություն, եթե իհարկե այս գործը չեք համարում քաղաքական»,-ելույթը եզրափակեց փաստաբանը։

Նշենք, որ դատախազը Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի համար պահանջել էր չորսական տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։ Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։