ՀՀ կառավարության քաղաքականությունը փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ ընդհանուր առմամբ ճիշտ է, բայց կիրառման մեխանիզմներում անհրաժեշտ են որոշակի վերապահումներ, քանի որ հակառակ պարագայում դժգոհություն է ծագում, հոկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքին, որը բողոքների պատճառ է դարձել:
Ըստ նրա՝ առաջին հերթին անհրաժեշտ է հնարավորություն տալ, որպեսզի տնտեսվարող սուբյեկտն անձամբ ընտրություն կատարի: «Եթե ցանկանում է առանց փաստաթղթերի աշխատել, ապա պետք է աշխատի 3,5% շրջանառության հարկով, եթե կարող է փաստատթղթեր ներկայացնել, ապա պետք է աշխատի 1%-ով: Եվ երրորդ տարբերակը. մենք կառավարությանը պետք է կոչ անենք կիրառել նաեւ հաստատագրված վճարի տարբերակը, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել եւ հարկային տեսուչների հետ այդքան հաճախ չշփվեն», - նշել է Վազգեն Սաֆարյանը: Նա հավելել է, որ այս երեք տարբերակները Հանրային խորհրդի անունից ներկայացվելու են կառավարությանը՝ որպես ժամանակավոր ելք:





























