Չինական Hawtai Motor ընկերությունը Ռուսաստանում 1.1 մլրդ դոլարով ավտոմեքենաների հավաքման գործարան է կառուցելու: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Hawtai-ի միջազգային դեպարտամենտի ղեկավարի օգնական Ջեֆրի Չանին:
Ներկայում ընկերությունը զբաղված է գործարանի վայրի փնտրտուքով: Նոր ձեռնարկության հզորությունը կազմելու է տարեկան նվազագույնը 100 հազար մարդատար ավտոմեքենա: Դիտարկվում է գործարանը Թաթարստանում, Տոլյատիում եւ Չերքեսկում կառուցելու հնարավորությունը:
«Սվերդլովի մարզը կարող է լինել տարբերակներից մեկը, սակայն մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե իշխանություներն ինչպիսի արտոնություններ կարող են տրամադրել նոր արտադրության ստեղծման համար»,- տեղեկացրել է Չանը:
Ձեռնարկության շինարարության ժամկետը 1 տարի է, նախագծի ծախսածածկումը՝ 5 տարի: Ընկերությունը ծրագրում է ամեն տարի շուկայում երկու նոր մոդել թողարկել:




























