«Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ Ալեք Պողոսյանը, որը գործով նախորդ դատական նիստին միջնորդել էր, որ իրեն հանրային պաշտպան տրամադրեն, հոկտեմբերի 3-ի դատական նիստին հրաժարվեց նրա ծառայություններից։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպանից, քանի որ կարծում է՝ ինքն իրավական դաշտում պաշտպանվելու կարիք չունի, քանի որ իր, ինչպես նաեւ մյուսների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Ես հասկացա, որ ինքն ուզում է իրավական դաշտում ինձ պաշտպանել, սակայն ես գտնում եմ, որ մեր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, ուստի հրաժարվում եմ պաշտպանից»,-հայտարարեց նա։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ամբաստանյալի հայտարարությունը չընդունեց՝ նշելով, որ քրեական դատավարության օրենսգրքով նման ընթացակարգ սահմանված չէ։
Հայկ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Սարգսյանն էլ իր պաշտպանական ճառում միջնորդեց անմեղ ճանաչել իր պաշտպանյալին, կամ մեղմ պատիժ նշանակել եւ պայմանականորեն պատիժը չկիրառել։
«Ներկայացրած մեղադրանքը կապ չունի իմ մեղադրյալի հետ եւ գործի նյութերով ապացուցված չէ»,-ասաց փաստաբանը։
Ավետիս Ավետիսյանի եւ Սեւակ Մնացականյանի փաստաբանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալներին, քանի որ նրանք իրենց մեղսագրվող հանցանքները չեն կատարել։
«Հարգելի դատարան, գտնում եմ որ նախաքննական մարմինը, մի կողմ դնելով իրավագիտությունը, կամայականորեն մոտեցում է թույլ տվել ամբողջ նախաքննության ընթացքում, ինչի արդյունքում հանգել է սխալ եզրահանգման՝ իմ պաշտպանյալների արարքը խուլիգանություն որակելու համար։ Ուստի խնդրում եմ նրանց ճանաչել անմեղ եւ նրանց նկատմամբ կատարել արդարացման դատավճիռ»,-ասաց փաստաբան Կարեն Քալանթարյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալներից Սեւակ Մնացականյանն ի սկզբանե երթի մասնակից չի եղել, իսկ նախաքննական մարմինը նրան երթի մասնակից է համարել եւ դա ոչ մի կերպ չի ապացուցել. «Սեւակ Մնացականյանն իր ընկերոջ՝ Ավետիս Ավետիսյանին է մոտեցել երթի ընթացքում, եւ նրանք օրենքի խախտում թույլ չեն տվել»։
Նշենք, որ դատախազը Շանթ Հարությունյանի համար պահանջել է 7 տարվա, նրա անչափահաս որդու համար՝ 5 տարվա ազատազրկում։ «Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանին դատախազը միջնորդել է դատապարտել 6 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 6 տարի, 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի, 6, ամիս, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի, 6 ամիս, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Սեւակ Մնացականյանին՝ 4 տարի, Տիգրան Պետրոսյանին՝ չորս տարի, Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի , Ալեք Պողոսյանին` 6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։ Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։





























