Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցության ողբերգական ավտովթարի գործով քաղհայցվոր, գյուղատնտեսական ծրագրերի պետական հիմնարկի ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանը, որը 2 մլն 600 հազար դրամի հայց է ներկայացրել Հակոբյանների վարած «Վազ-21214» մակնիշի մեքենայի համար, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Աբովյան քաղաքի առաջին ատյանի դատարանին չկարողացավ ներկայացնել փաստաթղթեր, թե ինչպես են հաշվարկել 2 մլն 600 հազար դրամը վթարված մեքենայի համար:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանի համար անհասկանալի էր, թե ինչպես են հաշվարկել վնասը եւ պահանջեց ներկայացնել փաստաթղթերը: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ եթե պահանջվող գումարը մեքենայի շուկայական արժեքն է, ապա դրանից պետք է հանել մնացորդային արժեքը։ Փաստաբանը նշեց նաեւ, որ հետվթարային վիճակում ավտոմեքենայի մնացորդային արժեքը կազմել է 737 հազար դրամ:

Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել Վարդան Պետրոսյանի՝ որպես կասկածյալ եւ որպես մեղադրյալ տված ցուցմունքները՝ նշելով, որ դրանք ձեռք են բերվել օրենքի խախտումով:

Վարդան Պետրոսյանը միացավ միջնորդությանը, ասաց, որ քննիչը մի քանի անգամ ցանկացել է հարցաքննել իրեն առանց փաստաբանի: Դատախազը եւ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը առարկեցին միջնորդությանը, այնուհետեւ  դատարանը որոշեց մերժել անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։