Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 3-ին ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման օրենքը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր ես ստորագրել եմ Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի վավերացման դաշնային օրենքը: Սա նշանակալի փուլ է մեր մերձավոր գործընկերների եւ դաշնակիցների հետ ինտեգրման ուղղությամբ մեր աշխատանքում»,- կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահը:
Փաստաթուղթը, որն ամրապնդում է Մաքսային միությունից եւ Տնտեսական միասնական տարածքից հետո ինտեգրման հաջորդ փուլին անցման մասին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները, ստորագրվել է 2014 թվականի մայիսին, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների կողմից:
Այսպիսով, ավարտվում է ԱՊՀ տարածքում 170 մլն մարդ ներառող խոշորագույն ընդհանուր շուկայի ձեւավորումը, որը տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն կդառնա: Դաշնային Խորհուրդն այս պայմանագիրը վավերացրել է հոկտեմբերի 1-ին:
Եվրասիական հանձնաժողովի կենտրոնակայանը գտնվելու է Մոսկվայում, ԵՏՄ դատարանը՝ Մինսկում, իսկ ֆինանսական կարգավորողը՝ Ալմա Աթայում: Սպասվում է, որ Ղազախստանի եւ Բելառուսի կողմից պայմանագիրը վավերացվելու է մինչեւ հոկտեմբերին Մինսկում նախանշված երեք երկրների ղեկավարների հանդիպումը:




























