Ինչպես կենսաթոշակային, այնպես էլ հարկային բարեփոխումները, որոնք ներկայում կատարում է Հայաստանի կառավարությունը, ճիշտ են, բայց չափազանց խնդրահարույց է այն, թե ինչպես են դրանք արվում: Այս մասին հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի թեթեւ արդյունաբերության աշխատողների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին՝ անդրադառնալով բողոքի ալիք բարձրացրած «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքին:

Նրա համոզմամբ, հենց դա էլ վրդովմունք է առաջացնում, քանի որ անհրաժեշտ լուրջ քայլ է փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի թեթեւացումը: «Բայց դա կապել երկրորդ ու երրորդ արդյունքի հետ, որը պետք է ստացվի, դա, եթե չասենք սխալ է, բայց հաստատ վտանգավոր է: Կարող եմ վստահորեն ասել, որ մեր շուկայում ճիշտ փաստաթղթերի հետ աշխատելը շատ-շատ բարդ է, քանի որ շատ դեպքերում մատակարարները ստիպված են որոշակի լուրջ փոփոխություններ կատարել, եւ դա ազդում է վերջնական վաճառողի վրա, որը դառնում է ստուգումների առաջին թիրախը»,- ընդգծեց Սուրեն Բեկիրսկին:

Նա նաեւ հավելեց, որ բարեփոխումներ հարկավոր են. անհրաժեշտ է թեթեւացնել փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը, բայց պետք է ընտրության հնարավորություն տալ: