Հայաստանում ստեղծված իրավիճակի համար մեղավորը Կառավարությունն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արարատում կայացած մարզային հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: (ֆոտոռեպորտաժ)

«Կառավարությունն էլ դա չի ժխտում, նույնիսկ երբ նախկին կառավարությունը հրաժարական տվեց, նոր կառավարության առջեւ երկու հարց դրվեց՝ ապահովվել տնտեսական աճ եւ վերականգնել վստահությունը Կառավարության նկատմամբ»,-ասաց նա՝ նշելով, որ նոր կառավարությունը դա չի արել։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ երկրում աղքատությունն եւ գործազրկությունը մեծ ծավալների է հասնում, այնինչ տարածաշրջանի մյուս երկրներում այս առումով շատ ավելի լավ վիճակ է:

«Հայաստանում 2.7 միլիոն մարդուց 1 միլիոնը պաշտոնապես աղքատ է, այսինքն՝ մենք ունենք 32.5 տոկոս աղքատություն, այնինչ Վրաստանում այն 14 տոկոս է, իսկ Ադրբեջանում 6 տոկոս:Երկրորդ՝ ինչի՞ պիտի մեզ մոտ գործազրկությունը լինի 20 տոկոս, իսկ  նշված երկրներում շատ ավելի քիչ լինի: Ինչո՞ւ Հայաստանում, փոքր, միջին եւ խոշոր բիզնեսում ներդրումներ չեն անում, ու զարմանում են՝ թե ինչի Նաիրիտի նման գործարանում ներդրում չեն անում. որովհետեւ վախենում են ներդրում անել»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը երաշխիքներ չի տալիս ներդրումների համար եւ երկրում բացասական սպասումների ֆոն է առաջացել:

Նշենք, որ եռյակը փորձել է հանրահավաք անել Արարատ քաղաքի հրապարակում, սակայն  քաղաքապետը երեխաների մասնակցությամբ համերգ է  կազմակերպել եւ խոչընդոտել հանրահավաքի անցկացումը հրապարակում, ինչի պատճառով եռյակը Արարատ քաղաքի Շահումյան փողոցում է անցկացնում հանրահավաքը: