Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն՝ հարձակումը սեռական փոքրամասնության ներկայացուցչի վրա սպառնում է մինչեւ 14 հազար եվրո տուգանքով: Այս մասին գրում է «The Local»-ը:
Օրինագիծը պաշտպանել են խորհրդարանի ձախ ուժերը, կտրականապես դեմ են կատալոնացի ազգայնականները եւ Իսպանիայի իշխող պահպանողական Ազգային կուսակցության ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ «օրինագիծը պաշտպանում է միայն սեռական փոքրամասնություններին, մինչդեռ «հոմոֆոբիայի մեջ մեղադրվողը պետք է ապացուցի իր անմեղությունը»:
Իսպանիան նույնասեռականների իրավունքների պաշտպանության հարցում ամենաառաջադեմ երկրներից է: Նույնասեռականների ամուսնություններն այստեղ օրինականացրել են 2005 թվականին: Օրենքն առաջադրել է նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն:
Ներկայում նույնասեռականների ամուսնությունն օրինական է 15 երկրում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի մի շարք նահանգներում: Վերջին երկրները, որոնք օրինականացրել են գեյ-ամուսնությունները, Նոր Զելանդիան, Ուրուգվայը, Ֆրանսիան ու Բրազիլիան են:



























