Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ խախտվել են Միջազգային մարդասիրական իրավունքի գրեթե բոլոր նորմերը: Ինջիղուլյանի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը:

«Նա ինձ մանրամասներ հաղորդեց գերության մեջ գտնվելու մասին: Ուզում եմ ասել, որ խախտվել են Միջազգային մարդասիրական իրավունքի գրեթե բոլոր դրույթները. սկսած նամակների գրաքննությունից մինչեւ գերու հանդեպ վերաբերմունքը, որոշ դեպքերում՝ դաժան եւ անմարդկային»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, խախտվել են Զինծառայողների հետ վերաբերմունքի մասին Ժնեւի կոնվենցիան, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, Կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան: Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ այս մասին ամբողջական տեղեկատվությունը տրամադրվելու է Հայաստանի օմբուդսմենին. «Մենք միջոցներ կձեռնարկենք, գործողությունների լավագույն տարբերակը կընտրենք»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան: Նախկին գերին հայտարարեց, որ ադրբեջանցիներն իրեն սպառնում էին գնդակահարությամբ, եթե ինքը ցանկություն հայտնի Հայրենիք վերադառնալ: