Եթե ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասում է, որ որպես փոխզիջում «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առեւտրականների, ինքը հարկային մարմիններին հրահանգել է ձեռնպահ մնալ փոքր ու միջին բիզնեսի անհարկի ստուգումներից, դա նշանակում է, որ մինչեւ այդ անհարկի ստուգումներ են եղել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արարատում կայացած ոչ իշխանական եռյակի հանրահավաքին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ մի քանի օր անց նույն բանի մասին խոսել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ (ֆոտոռեպորտաժ)

«Մեծ ու փոքր բիզնեսը իրար դեմ են կանգնեցրել իրականում: Մենք ասել ենք՝ դուք չեք կարող մեծ հարկատուից  ցուցակը վերցնել, ինչի՞ եք գնում, էդ խեղճ դազգահի մոտ նստած առեւտրականից ցուցակ ուզում, որ նա էլ կլյաուզնիկի նման ցուցակ գրի: Խնդիրը պարզ է՝ մեծի քեֆին չի կարողանում կպնի, կամ չի ուզում կպնի, գալիս, փոքրին ա կպնում»,- ասաց պատգամավորը։

Արամ Մանուկյանի խոսքով՝ եթե օրենքը չփոխվի, դա կհանգեցնի փոքր ձեռներեցների զանգվածային արտագաղթին, ինչը, ըստ նրա, իշխանություններին չի մտահոգում։

«Էս խեղճ մանրը ասում է՝ ավելի լավ է մենք 3.5 տոկոս մուծենք, բայց մեզ մի տար էդ բորենու բերան: Կառավարությունը ասում է՝ չէ, թեկուզ 500 կամ 1000 խանութ էլ փակվի:  Ես Գագիկ Խաչատրյանին հարցրի՝ եթե այդ մարդիկ փակվեն, չկարողանան աշխատել, Դուք հրաժարական կտա՞ք, ասաց՝ ոչ, Գալուստ Սահակյանին հարցրի՝ այդ դեպքում դուք կպահանջե՞ք կառավարության հրաժարականը, ասաց՝ ոչ։ Իրենք ունեն մեկ խնդիր՝ փող աշխատել, ուտել մինչեւ վերջ ու չկշտանալ: էս մարդիկ սահման չունեն։ Գազ, հոսանք, ջուր ապրանքներ, ուսման վարձեր, կենսաթոշակային նոր համակարգ, կարմիր գծեր. Արագաչափեր. էդ բեռը ավելանալու է այնքան, ինչքան դուք ձայն չհանեք»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Արամ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունը մարտահրավեր է նետել ժողովրդին. «Կամ մենք դիմանում ենք սրան, կամ ինքը հաղթում է, եւ բոլորիս քշում է երկրից: Հարկավոր է նրանց ասել՝ թողեք էս երկիրը, գնացեք, եւ մենք հոկտեմբերի 10-ին նրանց ասելու ենք՝ դավայ, դասվիդանյա»: