Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Աբովյան քաղաքի առաջին ատյանի դատարանում դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժեց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի՝ «Չէին սպասում» հաղորդման աշխատակիցներին Սուրեն Շահվերդյանին եւ Դավիթ Վարդանյանին դատարան կանչելու եւ հարցաքննելու միջնորդությունը:
Նշենք, որ ըստ Ռուբեն Բալոյանի, նրանք կարող էին փաստել, որ դեպքի օրը, երբ իրենք այցելել են Վարդան Պետրոսյանի ամառանոց, օղի են խմել:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն առարկեց այդ միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ Վարդան Պետրոսյանի խմած լինել-չլինելը մեղադրանքի ծավալի մեջ չի մտնում: Նա նաեւ նշեց, որ «Չէին սպասում» հաղորդաշարի աշխատակիցներին հարցաքննելն իմաստ չունի, քանի որ կա դատական բժշկի կողմից տրված թուղթ, որը հաստատում է, որ Վարդան Պետրոսյանը խմած չի եղել:
Միջնորդության հետ կապված կարծիք հայտնեց նաեւ դերասանը. նա կողմ էր, որ հարցաքննվեն «Չէին սպասում» հաղորդաշարի աշխատակիցները, բայց հիշեցրեց, որ ինքն արդեն նշել է, որ սեղանին հաղորդաշարի նկարահանման ժամանակ եղել է ջուր: Դերասանը նաեւ նշեց, որ աշխատակիցներից մեկը, որը մեքենա չի վարել, ալկոհոլ է օգտագործել:
Դատավորը մերժեց նրանց դատարան հրավիրելու միջնորդությունը, ինչը բարկացրեց դատարանում ներկա, տուժող Արթուր Հակոբյանին։ «Ո՞նց եղավ, որ ցուցմունքում ասել են՝ մի բաժակ օղի են խմել, եկան դատարան, օղին ջուր դարձա՞վ»,- արձագանքեց տուժողը: Նիստը հարթ չանցավ, տուժողները ժամանակ առ ժամանակ բորբոքվում էին:
իշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։





























