Ոչինչ չի կարող համեմատվել իրական մարդու գրկախառնության հետ, սակայն երբ չկա մեկը, ով կարող է գրկել, օգնության է գալիս ճապոնացի գյուտարարների նոր ստեղծագործությունը:

Այն կոչվում է «Հանգստության աթոռ»: Դրա մեջքն ունի հսկա մարդու տեսք՝ բարյացակամ դեմքով ու երկար ձեռքերով, որոնք գրկում են նստողին՝ քնքուշ գրկախառնության տեսք հաղորդելով:

Աթոռը մշակել է ճապոնական «Unicare» ընկերությունը, որն իր աթոռը վաճառում է 46.000 իենով (419 դոլար), Տոկիոյում անցկացվող տնային խնամքի եւ վերականգնման միջոցների միջազգային ցուցահանդեսի շրջանակում:

«Մեր աթոռը ստիպում է ապահով զգալ: Ամեն մարդ կարող է օգտագործել այն, սակայն, առաջին հերթին, նախատեսված է տարեց մարդկանց համար»,- նշել է ընկերության մամուլի քարտուղարը:

Ըստ «FedPost.ru»-ի՝ հաշվի առնելով այն, որ Ճապոնիայի բնակչության քառորդ մասն այժմ 65 տարեկան եւ ավելի է, ընդ որում՝ թիվն առաջիկա 10 տարում 40 տոկոսով կավելանա, հանգստության աթոռն իսկապես արդիական է ճապոնական շուկայի համար:

Ինչպես պնդում է պրոֆեսոր Խիդետատա Սասակին, աթոռը նաեւ կարող է օգնել դեմենցիայով տառապող հիվանդներին կամ նրանց, ովքեր տառապում են վախից, անվերահսկելի բարկությունից: Գիտնականը վստահ է, որ այդ մարդիկ կարող են լիցքաթափվել: