Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն ավելի ազնիվ կլիներ, եթե ոչ թե թաքնվեր երեխաների հետեւում, այլ պարեր իր կազմակերպած համերգին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արարատում խորհրդարանական ոչ իշխանական եռյակի (ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ) հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: (ֆոտոռեպորտաժ)

«Իշխանությունները դեռ հանրահավաքներից առաջ մեզ փորձեցին սառը ցնցուղներով վախեցնել: Ես այսօր ասում եմ՝ այդ սառը ցնցուղներն ավելի լավ է՝ կիրառեիք, քան անամոթաբար երեխաների հետեւում պախկվեիք: Քաղաքապետն ավելի ազնիվ կլիներ, որ այսօր այնտեղ պարեր, ոչ թե երեխաների հետեւում թաքնվեր»,-ասաց նա: Հիշեցնենք, որ եռյակը փորձել էր այսօր հանրահավաք անել Արարատ քաղաքի հրապարակում, սակայն  քաղաքապետը երեխաների մասնակցությամբ համերգ էր կազմակերպել այնտեղ, ինչի պատճառով եռյակը Արարատ քաղաքի Շահումյան փողոցում էր անցկացրել հանրահավաքը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանությունները դատարկում են երկիրը, հաշվի չառնելով, որ այդպիսով վտանգվում է ազգի անվտանգությունը:

«Մոռացել են, որ Երասխն ընդամենը մի քանի կիլոմետր ա հեռու, երևի առաջին զոհերը մենք տվեցինք Երասխում: Հիմա իշխանությունները փորձում են երկիրը մինչեւ վերջ դատարկել: Սերժ Սարգսյանն ասաց՝ ես չեմ կարող երաշխավորել, որ մինչեւ Երեւան չեն հասնի: Բա որ չես կարող, ինչո՞ւ ես թույլ տալիս, որ երկիրը մարդաթափ լինի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը ժողովրդին դիմեց կոչով, որ միանան եւ երկրում ամբողջական իշխանափոխություն կատարեն, քանի որ միայն այդ կերպ կլուծվեն իրենց խնդիրները:

«Մեզ համար էական չէ, թե ով կգա իշխանության, այլ էական է, թե ինչպես կգա: Եկողը պետք է ունենա ժողովրդի վստահությունը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք պաշտպանել մեր երկիրը: Մեր ասածը մեկն է՝ թողեք գնացեք: Մեզ համար այլ գործընթաց չկա, քան ամբողջական իշխանափոխությունը, քանի որ այս իշխանության բարեփոխումներն սկսվում են Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելով եւ Շանթին եւ նրա անչափահաս որդուն ազատազրկելով»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ խորհրդարանական ուժերը կառավարությունից փոփոխություն չեն պահանջում, քանի որ այդ դեպքում Հովիկ Աբրահամյանի փոխարեն վարչապետ կդառնա Սուրեն Խաչատրյանը: Նա հավաքվածներին հորդորեց իրենց հարազատների եւ բարեկամների հետ հոկտեմբերի 10-ին գնալ Երեւան՝ մասնակցելու եռյակի համապետական հանրահավաքին։