Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ հայտարարել է երկրի ներսում ֆաշիստների դեմ պայքարի մասին, որոնց նա պատասխանատու է համարում խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Սերայի սպանության համար:
«Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ֆաշիզմը որոշել է սպանել Ռոբերտին, քանի որ մենք թույլ չենք տալիս իրականացնել իրենց ծրագրերը, այսօր ես կհավաքեմ բարձր սպաներին` ֆաշիզմի եւ հանցախմբերի դեմ պայքարելու հատուկ ծրագիր մշակելու համար», —սպանված պատգամավորի հրաժեշտի արարողության ժամանակ Մադուրոյի արտասանած խոսքերը մեջբերում է Noticias24 թերթը:
Վենեսուելայի իշխող Միասնական սոցիալիստական կուսակցության պատգամավորի եւ նրա ընկերուհու մարմինը հայտնաբերել էին անցյալ հինգշաբթի` Կարակասի տներից մեկում, սառը զենքով հասցված բազմաթիվ վնասվածքներով: Իշխանություններն անմիջապես հայտարարել էին, որ խոսքը լավ ծրագրված սպանության մասին է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Մադուրոյի` քննության տվյալները մատնանշում են մարդկանց, որոնք կապված են Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի հետ` որպես այս հանցագործության հավանական մեղավորներ: Ավելի վաղ Մադուրոն Ուրիբեին բազմիցս մեղադրել է Վենեսուելայում իրավիճակի ապակայունացման ծրագրերին մասնակցություն ունենալու մեջ:



























