Սահմանին հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ականի պայթյունից վիրավորված Սրապիոն Մելքոնյանին, Սարգիս Ստեփանյանին, ինչպես նաեւ Տավուշի մարզում օգոստոսի վերջին վիրավորված զինծառայողներին դեռ չեն պրոթեզավորել: Այս մասին NEWS.am-ին ասաց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը:

Նրա խոսքով՝ պրոթեզավորման գործընթացը կարող է ամիսներ տեւել, քանի որ զինծառայողները նման վիրահատության ենթարկվելու համար պետք է լիովին առողջ լինեն:

«Բոլոր զինծառայողներին ուղարկել ենք տուն՝ մայրական խնամքի, լիովին առողջանալուց հետո կպրոթեզավորենք: Ամեն դեպքում մասնագետն արդեն պատրաստում է պրոթեզները»,- ասաց Արամ Ասատուրյանը:

Ինչ վերաբերվում է վիրավորների՝ զինվորական ծառայությունը շարունակելուն, հոսպիտալի պետը նշեց, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է:

Նշենք, որ բժիշկը՝ Մկրտիչ Գինոսյանը, տարիներ առաջ պրոթեզ է պատրաստել նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: