Նիկարագուայի Ռիվաս դեպարտամենտի Սան Խորխե քաղաքում ցույցի են ելել՝ ի նշան միջօվկիանոսյան ջրանցքի կառուցման համար անհրաժեշտ հողեր գնելու դեմ բողոքի, հայտնում է Notimex-ը։
Նիկարագուայի ջրանցքի կառուցումը պետք է սկսվի այս տարվա դեկտեմբերին։
Դրա երթուղու վերջնական տարբերակը հաստատվել է հունիսին, նախագծի ճշտված արժեքը կազմում է շուրջ 40 միլիարդ դոլար: Ատլանտյանից դեպի Խաղաղ օվկիանոս նոր ջրային ճանապարհը նախատեսվում է որպես այլընտրանք արդեն գոյություն ունեցող Պանամայի ջրանցքին, որը գտնվում է ընդամենը 600 կմ հեռավորության վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Մարդու իրավունքների Նիկարագուայի կենտրոնի ղեկավար Կարլոս Գուադամուսի` ցուցարարները պահանջում են հարգել «հայրերի եւ պապերի հողում ապրելու» իրենց իրավունքները: Բողոքի ցույցի մասնակիցները ծածանել են Նիկարագուայի դրոշները եւ երգել ազգային օրհներգը, ոստիկանության հետ բախումների մասին հաղորդագրություններ չկան:
Տեղի բնակիչները դեմ են չինական HKND Group ընկերության առաջարկությանը, որն իրականացնելու է հողատարածքների գնման ծրագիրը:



























