Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ անցկացվող ստորագրահավաքին արդեն ավելի քան 1400 քաղաքացի է միացել:
NEWS.am-ը Change.org կայքից տեղեկացավ, որ հոկտեմբերի 4-ի ժամը 10:30-ի դրությամբ, ստորագրահավաքին միացել է 1422 քաղաքացի: Ի դեպ, ստորագրահավաքը սկսվել է հոկտեմբերի 2-ին:
Նշենք, որ նախաձեռնության հեղինակը «Կապան քաղաքացիական շարժում»-ն է:
«Այդպիսի կենսագրության եւ վարքուբարքի տեր մարդուն Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը գնահատում ենք որպես արհամարհանք Սյունիքի եւ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, Սյունիքում քրեական մեթոդների վերջնական ամրապնդմանն ու արտագաղթն արագացնելուն ուղղված քաղաքականություն: Կոչ ենք անում Սյունիքի եւ Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ մեր հայտարարությանը»,- գրված է խնդրագրում:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է նշանակվել սեպտեմբերի 25-ին:




























