Մեծ Բրիտանիայում Թիմմի անունով կատուն վերջապես տեր է գտել։
Կատվի բախտը բերել է, գրում է ushilapychvost.ru-ն։ Բացի նրանից, որ սեւ է, վերին ծնոտից էլ կախված են երկու երկար ժանիքները։ Վանող արտաքինի պատճառով կատուն երկար ժամանակ ապրել է կենդանիների կացարանում, սակայն վերջերս կարողացել է տեր գտնել։
Վաղնջական ժամանակներից սեւ կատուները համարվել են դժբախտություն բերող, անգամ՝ սատանայի գործակալ։
Հիմա էլ շատ բան չի փոխվել, միայն թե մարդիկ այս գույնի կատուներին չեն սիրում, քանի որ դրանք լուսանկարներում գեղեցիկ չեն դիտվում։
Ավելի վաղ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի կանխման հարցերով թագավորական կազմակերպությունը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի փողոցներում օր օրի ավելանում են հենց այդ պատճառով տերերի կողմից լքված սեւ կատուները։
Չարագույժ տեսքի պատճառով կենդանիներ որդեգրել ցանկացողները «վամպիր» կատվին շրջանցում էին՝ չթաքցնելով զգացմունքները։
Անգամ կացարանի աշխատակիցները Դրակուլա անունը ստացած թշվառ կենդանուն հաճախորդներին այլեւս ցույց չէին տալիս։
Բարեբախտաբար, վերջերս Էնն Դրամոնդ անունով հաճախորդը ցանկություն է հայտնել որդեգրել «վամպիր» կատվին։ Թիմիի նոր տիրոջ խոսքով՝ ժանիքավոր սեւ կատուն միանգամից գերել է իր սիրտը։
«Մենք տեսանք նրան «Blue Cross» կայքում եւ մտածեցինք, որ հիանալի տեսք ունի,- հիշում է Էննը։ - Իհարկե, նրա ժանիքները չվանեցին մեզ. Նա ամենաքաղցր, բարյացակամ կատուն է։ Բացի այդ, մեր նախկին կատվի ժանիքներից մեկն էլ էր երկար, եւ Թիմմին նրան է հիշեցնում։
Նա զարմանալի բնավորություն ունի, մենք նրան շատ ենք սիրում»։






























