Բաքվում հոկտեմբերի 4-ին կայացել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Հասան Հասանովի հուղարկավորությունը։
Թաղումը վերածվել է հանցագործի մեծարման եւ հերոսականացման արարողության։ Հասանովին թաղել են ազգային դրոշի մեջ ամփոփված։ Ներկա են գտնվել Ջաբրայիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մահմուդ Գուլիեւը, Փախստականների եւ հարկադիր վերաբնակեցվածների պետական կոմիտեի փոխնախագահ Գերայ Ֆարհադովը եւ ուրիշներ։
Հուլիսի 11-ին ՀՀ եւ ԼՂՀ սահմանին՝ Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական գործողության հերթական փորձն էր ձեռնարկել։ Հակառակորդին չեզոքացնելիս հայ զինվորները դիվերսանտներից մեկին սպանել, երկուսին ձերբակալել էին։ Փոխհրաձգության արդյունքում զոհվել էր հայ սպա Սարգիս Աբրահամյանը (1972 թ. ծնված) եւ վիրավորվել Կարինե Դավթյանը (1977)։ Դիվերսանտները սպանել էին նաեւ 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանին։
ԼՂՀ դատախազությունում հարուցվել է քրգործ։ Ադրբեջանի կալանավորված քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին մեղադրանքներ են ներկայացվել ԼՂՀ ՔՕ մի շարք հոդվածներով։
2014թ. հոկտեմբերի 2-ին Հ. Հասանովի մարմինը փոխանցվել էր ադրբեջանական կողմին։
Միաժամանակ, ադրբեջանական կողմը հրաժարվում է Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձնելուց։ Խաղաղ բնակիչը գերի էր ընկել օգոստոսի 7-ին եւ անմիջապես «դիվերսանտ» որակվել։ Հենց ադրբեջանական մամուլն էր տարածել ադրբեջանական գյուղում Պետրոսյանի հայտնվելու առաջին րոպեների կադրերը։ Դրանցում հստակ երեւում է, որ երիտասարդը քաղաքացիական հագուստով է։ Ավելի ուշ ցուցադրված կադրերում նրան արդեն զինվորական հագուստ էին հագցրել։ Օգոստոսի 8-ին ադրբեջանական բանտում «հարցաքննությունից» հետո Բաքուն հայտարարել էր գերու մահվան մասին։




























