«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը դեմ չէ, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը, հետեւելու է ընթացքին, սակայն որեւէ մասնակցություն դրան չի ունենալու: Այս մասին NEWS.am-ին ասաց շարժման մասնակից Դավիթ Մանուկյանը:

«Սահմանադրական դատարան դիմելը մեր նախաձեռնության բռնած միակ ուղին չէ, սակայն տարօրինակ չէ, որ քաղաքական ուժերը ցանկանում են այս ուղով գնալ: Նրանք կարող են վիճարկել օրենքը, իսկ մենք կհետեւենք: Մեզ համար այս պահին կարեւոր է հասկանալ, թե Սահմանադրական դատարանն ինչ գնահատականներ է տալիս այս փոփոխություններին, մենք օրեր առաջ նրանց դիմել ենք: Միայն գնահատականը ստանալուց հետո կարող ենք ենթադրել, թե ինր վճիռ կկայացնի Սահմանադրական դատարանը՝ կապված եռյակի հայցի հետ»,- ասաց Դավիթ Մանուկյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը չի միացել այս նախաձեռնությանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնության անդամներից Մերի Խաչատրյանը հայցվոր կողմի փաստաբաններից է լինելու, սակայն սա չի նշանակում, որ Մերին «Դեմ եմ»-ի ներկայացուցիչն է լինելու:

Նշենք, որ Սահմանադրական դատարան դիմելու մասին քառյակը հայտարարել է սեպտեմբերի 9-ին: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտնել էր, որ չնայած ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» աննպատակահարմար են համարում ՍԴ դիմելը, այնուամենայնիվ նրանք պատրաստ են միանալ նախաձեռնությանը: Հոկտեմբերի 2-ին ոչ իշխանական ուժերը դիմել են Սահմանադրական դատարան: