Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից սեպտեմբերի 16-ին փախուստի դիմած  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը այդ քայլին է դիմել դատախազության աշխատակիցների դրդմամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողներին ասաց Սուրեն Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին հոկտեմբերի 3-ին հայտնաբերել են Վրաստանում։

«Ես հաղորդում եմ տվել Հատուկ քննչական ծառայություն՝ ընդդեմ գլխավոր դատախազության ազգային անվտանգության կիբերհանցագործությունների գործերով դատախազ Հայկ Հակոբյանի եւ վարչության պետ Արթուր Գյուլումյանի նկատմամբ, որ նրանց պատճառով է, որ կալանավորը փախել է։ Այսինքն եթե նրանք իրականացնեին իրենց պաշտոնական դիրքը, կիրառեին այն օրենսդրությունը, որը նախատեսված է նման հիվանդ ունեցող  կալանավորների դեպքում, ապա Սուրեն Գաբրիելյանը փախուստի չէր դիմի»,- ասաց Հակոբ Ճարոյանը՝ ավելացնելով, որ պաշտոնյաները խախտել են ՔՕ 308 հոդվածի 30 կետը՝ պաշտոնական դիրքի չարաշահումեւ 235 հոդվածը՝ փախուստ, որը դրդել են այդ անձինք։

Հակոբ Ճարտոյանի խոսքով՝ գլխավոր դատախազությունը պարզապես «թքած» ունի կալանավորի առողջական խնդիրների վրա. «Գլխավոր դատախազությունը ոտնձգություն է իրականացնում անձի նկատմամբ, նրա կյանքի նկատմամբ,  կարելի է ասել թքած ունի Սահմանադրության հենց այն հոդվածի վրա, որտեղ հստակ սահմանված է մահապատժի արգելումը, սակայն նման վերաբերմունքը սպառնում է անձի կյանքին իրական վտանգով  եւ ամեն պահի մարդը կարող է լյարդի ցերիոզի կամ շաքարախտի  հետ կապված խնդիրներ ունենա»

Փաստաբանը պնդեց նաեւ, որ Սուրեն Գաբրիելյանը փախուստի է դիմել առողջական խնդիրների պատճառով։

«Փախուստը կապված չէ պատժից խուսափելու, այլ առողջության հետ։ Այսինքն մարդը փախել է, վստահ լինելով, որ ի՞նչ տարբերություն մահանում է փախուստի մեջ, թե մահանում է կալանավայրում։ Եթե ինքը չստանա պատշաճ բուժում, չկատարվի լյարդի փոխպատվաստում, բնականաբար այդ պարագայում նրան մահ է սպասվում»,- ասաց Հակոբ Ճարոյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Մայիսի 20-ին կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Կենտրոնի քննչականում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ հոդվածով սահմանվում է փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից, այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նշենք, որ  Սուրեն Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով: