Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհին (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, hոկտեմբերի 3-ին, տեղի էր ունեցել քարաթափում։ Փլուզվել էր ճանապարհի վերին շեպը մոտ 400 խմ ՝ փակելով ճանապարհի երթեւեկելի հատվածը։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ամբողջ գիշեր իրականացրած օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ լուսադեմին ճանապարհն արդեն մաքրվել էր քարերից եւ ամբողջությամբ երթեւեկելի էր:
Սակայն փլուզման վտանգը վերացված չէ։ Իրավիճակը ուսումնասիրելու, վտանգը վերացնելու, նոր քարաթափման հնարավորությունը կանխելու, միջպետական ճանապարհին անվտանգ երթեւեկություն ապահովելու համար ճանապարհի վտանգված հատվածում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մասնագետները, ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության պատասխանատուներ, ոլորտի այլ մասնագետներ։
«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության ղեկավար Արայիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում չի դադարել մանր քարերի հոսքը։ Ճանշինի աշխատակիցների կողմից սահմանված է հերթապահություն, ճանապարհն, ըստ անհրաժեշտության, անընդմեջ մաքրվում է՝ ապահովելով տրանսպորտային միջոցների ազատ երթեւեկը։
Տեղի ունեցած համատեղ քննարկման ընթացքում առաջարկվեցին խնդրի ժամանակավոր, ինչպես նաեւ վերջնական լուծման տարբերակներ։
Լանջի թեքությունն ապահովելու, ճանապարհի այս հատվածում հետագա քարաթափումներից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ։ Իսկ մինչ այդ՝ ճանապարհը կլինի ճանապարհաշինարարների հսկողության ներքո։




























