Քալիֆորնիական Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարե Սինանյանը հանդիպել է Ֆրանկլինի անվան մասնագիտացված դպրոցի երրորդ դասարանցիների հետ, հանդիպման ընթացքում ընդգծել է ընտրություններին մասնակցելու կարեւորությունն ու պատասխանել աշակերտների հարցերին: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
«Սա իրականում մեծ արտոնություն է, որից մոլորակի վրա շատ մարդիկ զուրկ են. նրանք չեն քվեարկում, չեն ընտրում իրենց ներկայացուցիչներին: Եթե դուք չեք քվեարկում, դուք թույլ եք տալիս այլ մարդկանց որոշել, թե ով կլինի ընտրված ներկայացուցիչը»,- ասել է նա երեխաներին:
Հետաքրքրվելով, թե որ դպրոցն է հաճախել քաղաքապետը՝ դպրոցականներն իմացել են, որ Սինանյանը հաճախել է Հայաստանի Երեւան քաղաքի համար 172 դպրոցը, նախքան նրա ընտանիքը հաստատվել է Բըրբենքում, որտեղ էլ շարունակել է կրթությունը: Բարձրագույն կրթություն ստացել է Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանում եւ Հարավային Քալիֆորնիայի համալսարանում:




























