Դատելով պաշտոնական տվյալներից՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով միջինն օրական մեկ մարդ է զոհվում: Այսպես, տասը տարվա ընթացում(2004-2013թթ.) զոհվել է 3252 մարդ: Միջինն ամեն 6-րդ պատահար մահացու ելք է ունենում: Հավելենք, որ նշված ընթացքում սրա պատճառով վնասվածք է ստացել 27,1 հազար մարդ:
Յուրքանչյուր պետությունում այս բնագավառում քաղաքականությունն ուղղված է նման պատահարների թվի կրճատմանը: Մեզ մոտ գրանցված պատահարների դինամիկան աճելով է «զարգանում»՝ ավելի քան 2,4 անգամ աճ նշված տարիների ընթացքում: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ նույն այդ շրջանում Հայաստան ներմուծել են մոտ 297 հազար մեքենա: Այնպես որ ճանապարհային ոստիկանությունը լուրջ «արդարացում» ունի. ինչ կարող են անել, մեքենաների թիվն ավելացել է:
Պատահարների հանգեցնող հանգամանքների թվում կարող ենք նշել մեքենայի տեխսպասարկման նկատմամբ անփույթ վերաբերմունքը: Գումարած այդ ամենին՝ վարձու վարորդների(տաքսի, հասարակական տրանսպորտ) շահագործումը, որը հանգեցնում է հոգնածության, ինչն էլ վթարների պատճառ է դառնում:
Կա նաեւ վարորդների ուղիղ, ոչ մի կերպ չարդարացված մեղքը: Օրինակ, հետազոտվող ժամանակահատվածում 100 պատահարից ամեն 3-րդը(ավելի հստակ 3,1 տոկոսը) վարորդի ոչ սթափ վիճակում լինելու հետեւանքով է: Որպես կանոն, նման դեպքերում հետեւանքներն ավելի ծանր են լինում, քան մյուս դեպքերում: Այսպես, զոհերի ընդհանուր թվի 4,6 տոկոսի մեղքի բաժինն ավելի շատ է:
Հետաքրքիր է, որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պատճառների թվում բացակայում են այնպիսիք, ինչպես անբավարար ճանապարհային պայմաններն են ու շարժման կազմակերպման թերությունները: Հասկանալի է, որ վիճակագրություններին նման դեպքերում տեղեկություններ տրամադրում է մեր ճանապարհային ոստիկանությունը: Իսկ վթարները հաճախ հենց այդ պատճառով են տեղի ունենում:
Միայն մեկ օրինակ: Տարիներ առաջ մայրաքաղաքի փողոցներից մեկում անհեթեթ դեպք էր տեղի ունեցել: Հաշված ժամերի ընթացքում գերատեսչությունն օպերատիվ կերպով երթեւեկելի հատվածում հսկայական փոս էր փորել: Այդպես թողել էր՝ առանց նշանների ու ցուցանակների:
Ուշ երեկոյան տուն վերադառնալիս ոմն վարորդ չէր նկատել հայերնի փողոցի կտրուկ փոփոխությունն ու մեքենան ընկել էր նշված փոսը: Ո՞վ է մեղավոր: «Տեսուչների» երկաթյա տրամաբանությամբ հարկավոր է ավելի ուշադիր լինել, զգուշություն ցուցաբերել եւ այլն: Ստացվում է, նման բոլոր դեպքերում մեղավոր է վարորդը:




























