Արտակ Բուդաղյանի գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նախորդ նիստին Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը ճանապարհին էր, գալիս էր Երեւանից, բայց երբ հասավ Գորիս, Բուդաղյանների փաստաբան Ալումյանը լքել էր դատարանի դահլիճը, նիստն էլ ավարտված էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան Ռուբեն Սահակյանը: Նա ասաց, որ այդ օրը պետք է հարցաքննվեին երկու վկաները, նայեին տեսաժապավենը եւ եթե Ալումյանը չլքեր նիստերի դահլիչը, այդ ամենը կարվեր, իսկ Տիգրանը կհասներ նիստին ու կհարցաքննվեր:

Ռուբեն Սահակյանը վստահեցրեց, որ Տիգրանը երբեւէ չի բացակայել Հայաստանից, պարզապես չի ներկայացել նիստերին: «Ինչի՞ պիտի գա դատարան, գա, որ ինչ անի, երբ ցուցմունք տալու ժամանակը գա, կգա»,-ասաց փաստաբանը: Նա պատմեց, որ դատավորը առավոտից բոլորին կանչում է եւ օրվա վերջին ուղարկում տուն եւ այդ մարդիկ ամեն անգամ ստիպված են գալ ու գնալ: «Տիգրանը սովորում է ՌԴ-ում, պետք է մեկնի, մենք ուզում ենք, որ նա շուտ հարցաքննվի, որպեսզի շահարկումներ չլինեն: Ալումյանը ձեւի հետեւից է ընկել, որտե՞ղ է գրված, որ բոլոր վկաները պետք է նույն ժամին մտնեն դահլիճ: Տիգրանը միշտ Հայաստանում է եղել, ուղղակի մենք նպատակահարմար չենք գտել իր գտնվելու վայրը հայտնել»,-ասաց Ռուբեն Սահակյանը:

Նա նշեց, որ նախորդ նիստին Սուրիկ Խաչատրյանի մյուս որդին՝ Տրդատը, եկել էր եւ գտնվում էր մեքենայի մեջ: Իսկ թե ինչու է Տրդատը նիստի ժամանակ գտնվում մեքենայում, փաստաբանն այսպես հակադարձեց. «Լավ ենք անում, Ալումյանը չպետք է որոշի՝ որտեղ ինքը պետք է նստի: Ալումյանը թող իր մեղքերը ուրիշի վրա չբարդի, ո՞վ է  նրան իրավունք տալ լքել դատարանի դահլիճը առանց նիստը վարողի թուլտվության, նման վարքագծի համար դատաանը կարող է նրա նկատմամբ կիրառել սանկցիա: Ալումյանը գիտակացաբար խախտում է օրենքը, իսկ ինչո՞ւ է այդպես ցավագին ընդունում Տիգրան Խաչատրյանին ուղիղ 11-ին դատական նիստերի դահլիճ չգալը, Տրդատի մեքենայում գտնվելը»

Հաջորդ դատական նիստը նախատեսված է հոկտեմբերի 7-ին, բայց հայտնի չէ՝ այն կկայանա, թե ոչ, քանի որ նախորդի ժամանակ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լքել էր դատարանի դահլիճը: «Տիգրանին բերենք՝ ի՞նչ անենք, եթե գիտենք նիստը չի կայանալու: Կարող ենք բերել ցույց տալ եւ ասել՝ տեսեք Տիգրանն է: Կբերենք այն ժամանակ, երբ կիմանանք, որ նա հարցաքննվելու է, ոչ թե գալու է սպասի ու գնա: Որ գա մյուս նիստին, ի՞նչ է անելու, չէ՞ որ Ալումյանը հեռացել է եւ ոչինչ չի ասել իր գալու մասին: Հերիք եղավ, բոլ եղավ, մենք չենք ենթարկվելու Ալումյանի ցանկություններին, ամբողջ պրոցեսը վերցրել է ձեռը, դատավորն էլ իրենից վախենում է, կրակն ենք ընկել վարանող դատավորների ձեռքը»,-ասաց փաստաբանը:

Ռուբեն Սահակյանը շեշտեց, որ Հայկ Ալումյանը փորձում է հասարակությանը ներկայացնել, թե Տիգրան չի գալիս հարցաքննության, մինչդեռ թող վստահ լինի, որ նա կգա եւ ցուցմունք կտա: Փաստաբանը հիշեցնում է Բուդաղյանների պաշտպանին, որ Տիգրանը չի գալիս իր գործով հարցաքննության, այլ գալիս է ցուցմունք տալու Արտակ Բուդաղյանի վերաբերյալ գործով եւ դատարանում ասելու է, որ Արտակ Բուդաղյանը եկել է իրենց տուն, հայհոյանքներ սպառնալիքներ հնչեցրել, զենքն էլ պահել իրենց վրա, այդ պատճառով էլ ինքը կրակել է՝ վախենալով սպառնալիքներից:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: