ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային  նստաշրջանում հոկտեմբերի 4-ին տնտեսական եւ էկոլոգիական հարցերի քննարկումների ժամանակ ադրբեջանական կողմը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանից Ադրբեջան հոսող սահմանային գետերի «աղտոտման» հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստանխմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Ստեփան Մարգարյանը:

«Մենք, անկասկած, ընդգծեցինք, որ հարցն ամեն անգամ անիմաստ բարձրացնում են: Ադրբեջանը մեկ ձեւակերպում ունի. ես հիշում են, որ նույն հարցը բարձրացրել են ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում Վիեննայում: Նրանք նշում են, թե քանի որ մի շարք գետեր Հայաստանից հոսում են Ադրբեջան, մեր երկրում դրանք աղտոտվում են, մինչեւ անգամ ռադիոակտիվ մնացորդներով: Մենք, բնականաբար, պատասխանեցինք, որ դա անհեթեթություն է»,- նշել է Ստեփան Մարգարյանը: Հայկական պատվիրակությունը, հավելեց նա, հիշեցրել է, որ գոյություն ունեն միջազգային կազմակերպություններ, որոնք ստուգումներ են անցկացնում: «Եվ մենք միշտ պատրաստ ենք նրանց տրամադրել այդ հնարավորությունը: Դա ադրբեջանական պատվիրակության հերթապահ ելույթն էր»,- ընդգծեց Ստեփան Մարգարյանը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ԽՎ այսօրվա նիստում որեւէ որոշում չի ընդունվելու:

Հիշեցնենք, որ Ժնեւում հոկտեմբերի 3-ին Ուկրաինայի շուրջ քննարկումներով սկսվեց ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը: «ԵԱՀԿ ԽՎ մի ամբողջ նիստ նվիրված էր ուկրաինական խնդրի կարգավորմանը»,- հաղորդել է Ստեփան Մարգարյանը: Հոկտեմբերի 5-ին, ըստ պատգամավորի, Ժնեւում կքննարկվեն մարդու իրավունքների եւ հումանիտար բնագավառի հետ կապված հարցեր: