Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 5-ին, ժամը 21.58-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Աբովյան հատվածում` Առինջ գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. բախվել են «Ֆոլքսվագեն» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 79 QQ 900 համարանիշի (վարորդ` 25-ամյա Ն. Թ.) եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 062 ՏՏ 02 համարանիշի (վարորդ` 39-ամյա Ս. Ա.) ավտոմեքենաները, ինչից «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները դուրս են բերվել տեղի ուժերով:
Ուղեւորներ 30-ամյա Ս. Թ.-ին եւ 4-ամյա Ա. Տ.-ին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, իսկ վարորդ Ն. Թ.-ն եւ ուղեւոր 50-ամյա Թ. Հ.-ն  տեղափոխվել են Սբ. Գր.Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը: