Վանաձորում վրաերթի ենթարկված ամուսինների առողջական վիճակը նորմալ է, բայց նրանց 1,5 տարեկան երեխան կոմայի մեջ էր եւ նրան ռեոմոբիլով ուղարկել են Երեւան՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի հիվանդանոցի տնօրեն Վարդան Աբովյանը:
Նա նշեց, որ ամուսինների առողջական վիճակը նորմալ է, գիշերը կարգավորվել է: Ամուսինը սալջարդներ ուներ դեմքի, քթի հատվածում, կնոջ մոտ էլ առկա էր բազուկի կոտրվածք: Հիվանդանոցի տնօրենն ասաց, որ երեխայի մոտ գանգուղեղի տրավմայի կասկած կար, քանի որ հիվանդանոցում նյարդաբան չունեն, ուղարկել են Երեւան՝ Արաբկիր հիվանդանոց: Վարդան Աբովյանն ասաց, որ կինը հղի էր եւ ամենաուրախալին այն է, որ որեւէ խնդիր չկա, պտղի զարկերն առկա են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի բնակիչ, 21-ամյա Արմեն Բալոյանը Նարեկացի փողոցում ZHUK-A 06 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:
Shamshyan.com կայքից տեղեկանում ենք, որ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Փաստի առիթով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական բաժնի Տարոնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են եւ նրանց 1.5 տարեկան երեխան, ովքեր ներկայում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում:
Վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել թույլատրելի հատվածով: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:




























