Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահը չի կարողացել վերաֆինանսավորել հիփոթեքային վարկը, հայտնում է «Վոդոմոստին»:
«Վերջերս ցանկանում էի հիփոթեքային վարկ վերաֆինանսավորել, բայց չկարողացա»,- Չիկագոյի մամուլի ասուլիսում ասել է Բերնանկեն մոդերատորին, բայց դահլիճում նրա այս խոսքերից ծիծաղ է պայթել: «Ես ոչ մի բան չեմ հնարում»,- հավելել է ԴՊՀ-ի նախկին ղեկավարը՝ այս անգամ դիմելով լսարանին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բերնանկեն եւ կինը՝ Աննան, ապրում են Կապիտոլիումի բլրին` 240 քմ թաունհաուսում, որը 2004 թ. նրանք գնել էին 839 000 դոլարով: Դրա համար պահանջվել էր երկու վարկ: 2009թ. լողացող դրույքաչափը հասել էր տարեկան 4,1%-ից մինչեւ 10,1%, եւ Բերնանկեն որոշել էր վերաֆինանսավորել վարկերը: Նա 30 տարով 685 385 դոլարի վարկ է ստացել` 5%-ով: 2011 թ., երբ բնակարանի գինը եւ տոկոսները նվազել են, Բերնանկեն նորից վերաֆինանսավորել է պարտքը:
Այժմ Բերնանկեն որոշել է հերթական անգամ վերաֆինանսավորել իր պարտքը, սակայն այս անգամ մերժում է ստացել: «Ինձ թվում է, որ հիփոթեքային վարկավորման պայմաններն այժմ շատ խիստ են», - բողոքել է Բերնանկեն:
Բերնանկեն ԴՊՀ-ի ղեկավարի լիազորությունները վայր է դրել 2014 թ. հունվարին, եւ այժմ Brookings Institution-ի վաստակավոր տնտեսագետ է: Նա վաստակում է հրապարակային ելույթների միջոցով:




























