Կես ամսվա ընթացքում «սփայսի» նոր տեսակից ավելի քան 700 ռուսաստանցի է թունավորվել, 25-ը՝ մահացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թմրանյութերի շրջանառության վերահսկողական ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին:
Ըստ նրա` սեպտեմբերի 19-ից մի շարք մարզերի բուժհաստատություններ սկսել են ծխելուց թունավորվելու դեպքեր գրանցել: Տուժածների շարքում կան մեծահասակներ եւ դեռահասներ:
Աղբյուրը նշում է, որ Պետդումայում արդեն օրինագիծ են պատրաստում, որը Ռուսաստանում ամբողջովին արգելում է սինթետիկ ծխախոտային խառնուրդների շրջանառությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին սփայսի տարածման համար ձերբակալվել էր հինգ տղամարդ, իսկ սինթետիկ թմրանյութի 1,5 կգ բռնագրավվել է վերջիններիս 25 գաղտնարաններից: Այդ թմրանյութը մարդու օրգանիզմի վրա ուժեղ ազդելու հատկություն ունի: Այն առաջացնում է գլխապտույտ, զարկերակային ճնշման բարձրացում, հոգեկան գրգռվածություն, անտեղի խուճապ:




























