«Արգումնետի նեդելին» հիշել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին: Մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով վերոհիշյալ լրատվամիջոցը, վերատպել են այն հոդվածը, որում ասված է, թե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան օդային շրջափակման մեջ է այն պատճառով, որ Վրաստանն ու Թուրքիան փակել են իրենց երկինքը ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի համար: Հոկտեմբերի 6-ի ժ. 11-ի դրությամբ սկզբնաղբյուր կայքն անհասանելի է:

«Հարավային Կովկասում ռուսական 102-րդ ռազմաբազայի վերազինումը միշտ կատարվել է օդային ճանապարհով: Երկաթուղային եւ  ավտոտրանսպորտային էշելոններին իր տարածքով անցնելն արգելում է վրացական կողմը: Ռազմատրանսպորտային ավիացիայի աղբյուրը «ԱՆ»-ին հայտնել է, որ զորամասի համալրումը ռազմական տեխնիկայով եւ սպառազինությամբ  ռուսական ռազմական գերատեսչության կենտրոնական ապարատից է կատարվել` մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից:

Այժմ, ըստ «Ան» թերթի, Հայաստանում տեղակայված ռազմաբազան պարենի համալրման հետ կապված դժվարություններ չունի:  Կա նաեւ նոր համազգեստ` նոր «պայմանագրայինների» համար: Սակայն պաշտպանության նախարար Ս. Շոյգուի պահանջած ռազմական ինտենսիվ կրթության  պայմաններում սպառազինություն մատակարարելը հրամանատարության անհանգստությունն է հարուցում: Օդային շրջափակման  հարցը միշտ բախում է ինքնօրինակ  «լռության դավադրության»: Այնուամենայնիվ,  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ  իրենք « տեղյակ են խնդրին» եւ «լուծում են հարցը, սակայն իրավիճակը դեռ  դժվար լուծելի է», - ասվում է հոդվածում:

Դեսպանատնից ռուսական կողմի պարզաբանումները ստանալ դեռ չի հաջողվել:

Նշենք, որ ըստ որոշ հայկական աղբյուրների դիտարկման, «Արգումենտի նեդելի» թերթը առանձնանում է ադրբեջանամետ  ուղղվածությամբ: Տվյալ դեպքում, Վրաստանի եւ Թուրքիայի օդային տարածքը ռուսական ռազմական օդանավերի համար առաջին ամիսը չէ, որ փակ է:  Սակայն դա չի խանգարել թերթին «սենսացիոն» հաղորդագրություն տարածել  «ռազմաբազայի շրջափակման» մասին: