«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին կրակոցներ արձակած եւ հինգ անձի վիրավորած Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը համոզված է, որ նախաքննական մարմինը ոչ թե իրավաբանորեն է որոշում կայացնում, այլ պարզապես PR քայլ է կատարում:

«Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է սպանել երկու եւ ավելի անձանց: Սկսենք Ներսես Մելքոնյանին. նրա վրա կրակել են ոտքին, չորս անգամ: Սա նշանակում է, որ սպանելու համար պետք է կրակել կենսական օրգանների վրա, այսպիսով Գոռը չի ցանկացել սպանել նրան: Վալերի Հովհաննիսյանի վրա Գոռ Առաքելյանը կրակել է մեքենայի մեջ, այստեղ ավելի հեշտ կլիներ գլխին կրակել, բայց իմ պաշտպանյալը կրակել է նրա որովայնին եւ ոտքին: Սա էլ է ապացուցում, որ Գոռ Առաքելյանը պաշտպանվել է, սպանելու միտում չի ունեցել»,- այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի փաստաբան:

Երեմ Սարգսյանը պնդում է, որ նախաքննական մարմինը ոչ մի ապացույց չունի` մեղադրելով Գոռ Առաքելյանին երկու եւ ավելի անձանց սպանության փորձի մեջ:

«Վալերին եւ Ներսեսը սպորտսմեններ են եւ ավելի հաղթանդամ են, քան Գոռ Առաքելյանը: Բացի դրանից` ամբողջ վիճաբանության ժամանակ Գոռի երեխան ու կինն են եղել: Նկատենք, որ վկաների ցուցմունքներով` Ներսեսն ու Վալերին բավականին ագրեսիվ են վարվել: Ես միջնորդություն ներկայացրի, որ այս ամեն ինչը հաշվի առնելով` փոխեն մեղադրանքը, նորից անարդյունք: Դիմեցի գլխավոր դատախազություն, այնտեղից նորից ոչ մի պատասխան: Կարծես թե չեն ցանկանում պաշտոնական կարծիք հայտնել: Այսքանից հետո էլ երկու նոր մեղադրանք են առաջադրում, այն էլ խստացված»,- ավելացրեց նա:

Երեմ Սարգսյանի խոսքով` իր միջնորդության քննման ժամանակ արդեն Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքները խստացվել են. «Սա արդեն նշանակում է, որ նախաքննական մարմինը պարզապես PR է անում, այնտեղ իրավաբանական մտածողություն չկա»:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին երկու նոր մեղադրանք է առաջադրվել Ներսեսի եւ եւս 4 անձի վրա կրակած Գոռ Առաքելյանին:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։