Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետազոտությունները շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հետազոտությունները շարունակվում են, դեռ որեւէ բան չեն կարող ասել: Միայն հետազոտության արդյունքները պարզելու հետո կորոշվի՝ Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայել, թե ոչ:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ նրա հետ կապված դեռ իրավական հարցեր կան՝ իր նկատմամբ կատարված ոտնձգությունների առնչությամբ:

Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան: Նախկին գերին հայտարարեց, որ ադրբեջանցիներն իրեն սպառնում էին գնդակահարությամբ, եթե ինքը ցանկություն հայտնի Հայրենիք վերադառնալ: