«Վերնիսաժում» մայիսի 17-ին կրակոցներ արձակած եւ 5 անձի վիրավորած Գոռ Առաքելյանի մոտ դեպքից հետո հիշողության մասնակի կորուստ է եղել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործով կալանավորված Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Մեղադրանքի վերաբերյալ Գոռ Առաքելյանը դիրքորոշում չի հայտնել, որովհետեւ ի վիճակի չի եղել: Նա ձեռքերի եւ ոտքերի շրջանում վնասվածքներ էր ստացել: Ըստ փորձաքննության` Գոռ Առաքելյանի մոտ առկա է  հիշողության մասնակի կորուստ` կապված իրադրության հետ: Մասնագետներն էլ են պնդում, որ հոգեկան խիստ հուզմունքի պատճառով, կիրառված բռնության, երեխայի ներկայության հետ կապված հիշողության կորուստը նորմալ երեույթ է»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին երկու նոր մեղադրանք է առաջադրվել Ներսեսի եւ եւս 4 անձի վրա կրակած Գոռ Առաքելյանին:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։