«Գազպրոմը» Բելառուսի տարածքով գազի տարանցման համար 228 մլն դոլար է փոխանցել։ Այս մասին հայտարարել է ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը։

Սակայն բելառուսական կողմը դեռեւս պաշտոնապես չի հաստատել վճարումը։ Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն առաջարկել է 2 ժամ ժամանակ տալ, ինչից հետո պարտքի մաս առ մաս չվճարման դեպքում գազի տարանցման սահմանափակում կմտցվի։

Բելառուսի էներգետիկայի  նախարար Ալեքսանդր Օզերեցը նշել է, որ «Գազպրոմի» կողմից վճարված 228 մլն դոլարը, որի մասին գրում են լրատվամիջոցները, կազմում է պարտքի միայն 87 տոկոսը։ «Սա կարելի է դիտել որպես ինչ-որ կանխավճար»,- ընդգծել է Ալեքսանդր Օզերեցը։

Բելառուսական կողմը կարծում է, որ «Գազպրոմի» պարտքը կազմում է 260 մլն դոլար։

Գազային հակամարտությունը երկու երկրների միջեւ ծագել էր հունիսի 16-ին, երբ Ռուսաստանը Բելառուսին գազի դիմաց պարտքի վճարման համար հինգ օր ժամկետ էր տվել։ Ռուսաստանը հայտարարել էր, որ Մինսկի պարտքը կազմում է 190 մլն դոլար, իսկ Մինսկը պնդում է, որ այն 133 մլն դոլար է։