«Վերնիսաժում» մայիսի 17-ին տեղի ունեցած դեպքի տեսագրությունը գործին կցված չէ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դեպքի օրը կրակոցներ արձակած եւ 5 անձի վիրավորած, այնուհետեւ գործով կալանավորված` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Դեպքի վայրում տեսախցիկներ են եղել, որոնք դեպքից առգրավվել են, սակայն փորձաքննությամբ ապացուցվել է, որ այնտեղ տեսագրություն չի եղել: Մեզ համար շատ լավ կլիներ, եթե ձայնագրությունը լիներ, շատ հարցերի պատասխան կտար»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ դեպքի օրը NEWS.am-ին քննիչները դեպքի վայրում ասել էին, որ տարածքը հսկվում է տեսախցիկներով եւ ամեն ինչ տեսագրվել է:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։