Տնային կալանքի տակ գտնվող՝ ռուսաստաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը լավ չէ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին արցախցի բարերարի հարազատները:
Նրանց փոխանցմամբ՝ Լեւոն Հայրապետյանը քաղցկեղ ունի եւ հիվանդությունը վերջին ամիսների ավելի է սրվել:
«Լեւոն Հայրապետյանը հիմա իր տանն է գտնվում, տարբեր տեղերից մասնագետներ են հրավիրվել՝ հասկանալու համար, թե վիճակն ինչպես է»,- ասաց մեր զրուցակիցը:
Գործարարի հարազատները դժվարացան պատասխանել հարցին, թե Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու մեջ ինչ դերակատարում է ունեցել Շարլ Ազնավուրը:
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով:




























