Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերն այժմ միայն անձնական շահերից ելնելով են հայտարարում, որ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները քաղաքական բանտարկյալներ են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողներին ասաց «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը՝ Նառա Պետրոսյանը:
«Մենք զայրացած ենք, որ մի քանի ամիս առաջ, երբ Եվրախորհրդից եկել , հարցուփորձ էին անում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ նման բան չկա: «Ժառանգություն» կուսակցությունից Ռուբեն Հակոբյան էլ նշել էր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնց անունների ցանկն իրենք չունեն: Հիմա պարզապես իրենց պետք է դիվիդենտներ հավաքել, այդ պատճառով են այսպես դրսեւորում իրենց: Միայն Նիկոլ Փաշինյանն է մի երկու-երեք անգամ եղել մեր դատերին, մի անգամ էլ գնացել է «Նուբարեշեն» քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Նառա Պետրոսյանը:
Շանթ Հարությունյանի նախկին կնոջ՝ Ռուզաննա Բադալյանի խոսքով՝ եթե Շանթ Հարությունյանն ու իր ընկերները ընդդիմադիր ուժերի հետ համաձայն լինեին, այն ժամանակ էլ նրանց հետեւից կգնային, ոչ թե ինքնուրույն պայքար կսկսեին։
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։
Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։




























