Շուրջ 50 հազար ռուսաստանցիներ են Դաշնային միգրացիոն ծառայությանը հայտնել երկրորդ քաղաքացիության առկայության մասին, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու խոսքերը:
ԴՄԾ-ում ակնկալում էին, որ երկրորդ քաղաքացիության առկայության վերաբերյալ կտեղեկացնի առնվազն մեկ միլիոն մարդ: Դա կապված է այն բանի հետ, որ 1990-ականների սկզբից ռուսական քաղաքացիություն են ստացել ավելի քան վեց մլն օտարերկրացի եւ քաղաքացիություն չունեցող անձինք:
Երկրորդ քաղաքացիության առկայության վերաբերյալ պարտադիր տեղեկացնելու մասին օրենքը Ռուսաստանում ուժի մեջ է մտել 2014 թ. օգոստոսից: Ըստ օրենքի` դիմումը ժամանակին չներկայացնելու, ինչպես նաեւ կեղծ կամ սխալ տեղեկոթյուններ տրամադրելու համար նախատեսվում է 500-1000 ռուբլի վարչական տուգանք: Երկրորդ քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունը միտումնավոր թաքցնելու դեպքում նախատեսված է, մասնավորապես, մինչեւ 200 հազար ռուբլի տուգանք կամ էլ 400 ժամ հարկադիր աշխատանք:




























