Բելառուսն ու Ադրբեջանը ծրագրում են ավելացնել առեւտրի փոխադարձ ծավալները: Ըստ «ԲԵԼՏԱ»-ի՝ այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մեր երկրների համար ամոթ է խոսել 300 մլն եւ նույնիսկ 500 մլն դոլարի ապրանքաշրջանառության մասին»,- ասել է Լուկաշենկոն:
«Մենք պետք է Ադրբեջանը հենակետ դարձնենք բազմաթիվ ապրանքների արտադրության առումով եւ այդ տարածքից համատեղ արտադրանքը վաճառենք տարածաշրջանում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: Նա նշել է, որ բելառուսական կողմը մեծ ուշադրություն է հատկացնում Ադրբեջանում առավել պահանջված բելառուսական տեխնիկայի արտադրության զարգացմանը:
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ երկու երկրները համագործակցություն են ստեղծում բոլոր ուղղություններով: Նա նշել է, որ Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան:



























