Գյումրի եւ Դոմոդեդովո քաղաքների միջեւ, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Ստորգրման արարողությանը ռուսական կողմից մասնակցում էին Դոմոդեդովո համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դանիլեյկոն, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեւը եւ այլ պաշտոնյաներ:

Մինչ հուշագրի ստորագրումը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու քաղաքների միջեւ փոխգործակցային հարաբերությունների ձեւավորման վրա՝ նշելով, որ այս առումով պաշտոնական փաստաթղթի ստորագրումը կարեւոր քայլ է: Իր հերթին Դոմոդեդովո քաղաքի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Դանիլեյկոն բարձր գնահատեց կողմերի պատրաստակամությունը՝ նշելով, որ տեսնում է երկու քաղաքների միջեւ համագործակցության դրական հեռանկար ինչպես մշակութային, այնպես էլ գործարար ոլորտներում:

Հուշագիրը ներառում է նաեւ համագործակցային այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են զբոսաշրջությունն ու  տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաեւ երկու քաղաքների գործարարների համար նպաստավոր պայմանների ձեւավորումը:

Հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ Դոմոդեդովո համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դանիլեյկոյի համատեղ մամլո ասուլիսը: