«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը հոկտեմբերի 10-ին Հայաստանում չի լինելու եւ չի կարողանալու մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը:

Նա նշեց, որ որպես «Արեւմտահայոց ազգային համագումար» հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ մեկնելու է արտերկիր՝ կարեւոր գործուղման, իսկ հոկտեմբերի 20-ին էլ կկայանա այդ կազմակերպության համաժողովը:

Նա չգիտի՝ եթե Հայաստանում լիներ, կմասնակցեր հանրահավաքին, թե ոչ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի իշխանափոխության պահանջ բարձրացնելուն, Արագած Ախոյանն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել եմ, համենայն դեպս ինքը տեղյակ չէ այդ խնդրի քննարկումից, ոչ էլ մասնակցել է դրան: «Երբ նման հարց դրվի, այդ ժամանակ կանդրադառնամ, այդ որոշումները կայացվում են կոլեգիալ, իմ դեմ կամ կողմ լինելը ոչինչ չի նշանակում»,-ասաց Արագած Ախոյանը: Դիտարկմանը, թե ԲՀԿ գործարար հատվածը դեմ կլինի արմատական քայլերին, պատգամավորը հակադարձեց, թե դա ծեծված տեսալետ է, որը տրամաբանության սահմաններում է, բայց քաղաքականության հետ քիչ կապ ունի: