Գորիսի խոշոր ընկերություններից մեկի՝ «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը, որը Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից հետո հայտարարել էր, որ այլեւս Գորիսում ներդրումներ չի անելու, Հայաստանում չէ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Կարապետյանը մարզպետի նշանակումից հետո Հայաստանից հեռացել է, սակայն մի քանի օրից նորից վերադառնալու է, բայց հայտնի չէ, թե որտեղ է պատրաստվում բնակություն հաստատել:

Մեր տեղեկություններով՝ գործարարը վերջնական որոշում է կայացրել՝ այլեւս ոչ մի ծրագիր չիրականացնել Գորիսում: Ինչ վերաբերվում է ընկերության գործող պայմանագրերին ՌԴ պաշտպանության նախարարության եւ Պղձնամոլիբդենային գործարանի հետ, ապա դրանք չեղյալ չեն համարվել: Տիգրան Կարապետյանին մոտ կանգնած աղբյուրները մեզ հայտնեցին, որ նա պատրաստվում է մինչեւ վերջ կատարել պարտավորությունները:

Նշենք, որ Տիգրան Կարապետյանը սեպտեմբերի 25-ին մեզ հետ զրույցում նշել էր, որ Լիսկայի նշանակումով ինքը դադարեցնում է ներդրումները Գորիսում: Ի դեպ, Տիգրան Կարապետյանը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմ ընկերն է եւ Գորիսի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել էր, սակայն մինչեւ ընտրությունները՝ ինքնաբացարկ էր ներկայացրել: