Սննդի անվտանգության ծառայության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանի պաշտոնանկությանը լավ կամ վատ գնահատական չես կարող տալ, ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով, ի դեպ, նախկինում աշխատել է Սննդի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար:

Նա շեշտեց, որ իրենց կազմակերպությունը ոչ թե գործում է ընդդեմ ինչ-որ կառույցի կամ անձանց, այլ հանուն սննդամթերքի անվտանգության ապահովման: Եւ այս տարիների ընթացքում մշտապես բարձրաձայնել են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին, որոնց մի մասը լուծում ստացել է, մյուս մասը՝ ոչ:

«Պաշտոնանկության վերաբերյալ Կառավարությունը որեւէ դիրքորոշում չի հայտնել: Ըստ ինձ՝ կա էլ ավելի խորը մասնագիտական, պրոֆեսիոնալ մոտեցման կարիք, որովհետեւ շատ հաճախ, ինքս ականատես եմ եղել, որ խնդիրը լուծում չի ստացել ահազանգի առկայության պարագայում պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով: Հիմա այս փոփոխությունը միտված է սննդի անվտանգության ապահովմանը, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետեւ նույն Կառավարության դիրքորոշումը ինձ համար տեսանելի չէ»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նկատի ունենալով Բախչագուլյանին փոխարինող Սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանի նշանակմանը:

Բաբկեն Պիպոյանը շեշտեց, որ կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, թե ինչում է խնդիրը, ինչի է Բախչագուլյանն ազատվել աշխատանքից, ինչ էին ակնկալում եւ նոր նշանակումը ինչով է հիմնավորված:

Հ/կ-ի ղեկավարը նշեց, որ Աբրահամ Բախչագուլյանը ոչ թե սննդամթերի անվտանգության, այլ մենեջմենթի մասնագետ էր եւ առաջին իսկ օրվանից նրան նշանակել են մենեջմենթի գործառույթների ապահովման առումով, ոչ թե սնդի անվտանգության ապահովման առումով: Բաբկեն Պիպոյանը շեշտեց, որ աշխատելով 3 տարի՝ Բախչագուլյանն այդ ընթացքում ձեռք է բերել որոշակի գիտելիքներ, եւ եթե պետք է գա ու փոխարինի մեկը, ով ընդհանրապես ոչ մի բանի չի տիրապետում, այս փոփոխությունը կլինի բացասական: «Կարեւոր է հասկանալ՝ ինչու է փոխվել եւ ինչ ենք ակնկալում: Հնարավոր է լուրջ փոփոխոություններ իրականցվեն, եվրոպական մասնագետներով համալրվի ծառայությունը կամ ընդհակառակը կառույցը համալրվի անձանցով, ովքեր չունեն որեւէ պատկերացում ոլորտի հարցում: Մի խոսքով՝ հետագա արդյունքներից կարող եք գնահատական տալ՝ լավ էր այդ փոփոխությունը, թե վատ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանն ազատվել է աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ նրա պաշտոնանկությունը կապված է սննդի որակի տասնյակ դժգոհությունների ու նաեւ ապրանքի արտահաման ընթացքում ծագած սերտիֆիկատների տրամադրման գործընթացի բացթողումների հետ: Նրան փոխարինելու է Սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանը («Սամսունգի Արմեն»): Նշենք, որ Աբրահամ Բախչագուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարն էր: ԿԸՀ անդամ նա դարձել էր ՀՀԿ-ի կողմից: Նա սննդի անվտանգության ծառայության պետ էր նշանակվել 2011թ հուլիսի 13-ից: Ծառայության նախկին պետը՝ Գրիգորի Գրիգորյանը պաշտոնանկ էր արվել նշանակումից 2 ամիս անց: