ԵԽԽՎ-ի «Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ այլ տարածքներում բռնության սրացումը» թեմայով զեկույցը, որտեղ ԼՂՀ-ն նշվել է որպես գրավյալ տարածք, հայկական պատվիրակության թերացման արդյունքն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովիկ Իգիթյանը:
Նա նշեց, որ ընդհանրապես հայկական կողմի թերացման մասին բազմիցս ասել է, բայց նաեւ փորձել է օգտակար լինել իր խորհուրդներով: «Այդ ոճը եւ պատվիրակության կառուցվածքը չի համապատասխանում Եվրախորհրդի վեհաժողովի չափանիշներին, դա բազմիցս ասել եմ: Առաջինը՝ մարդիկ ավելի կոմունիկաբիլ պետք է լինեն, ավելի շատ պետք է շփվեն կոլեգիաների հետ, Հայաստանը պետք է համարվի այս ընտանիքի անդամ, մարդիկ պետք է շփվեն նույն լեզվով, նույն պրոբլեմների մասին, Եվրախորհրդում միայն Հայաստանի եւ Ադրբեջանի պրոբլեմը չէ, շատ պրոբլեմներ կան մարդու իրավունքների հետ կապված ու ես չեմ տեսնում, որ Հայաստանի պատվիրակությունը ակտիվ ձեւով մասնակցում է ոչ Հայաստանի հետ կապված լսումներին»,-ասաց նա:
Հովիկ Իգիթյանը նշեց, որ ճիշտ է Ադրբեջանը նավթադոլարային եւ խավիարային քաղաքականություն է վարում, բայց այս զեկույցի ընդունումը հայկական կողմի մեծ թերացման արդյունքն է, հատկապես որ Եվրախորհուրդը ունի բանաձեւեր, որտեղ հստակ նշված է ԼՂՀ խնդրի բովանդակությունը եւ պատմությունը: «Միշտ կարելի է բերել այդ բանաձեւերը որպես հիմք, անընդհատ պետք է շեշտել, որ ԼՂՀ հարցով զբաղվում է Մինսկի խումբը եւ Եվրախորհդում ընդունված ցանկացած միակողմանի բանաձեւ կարող է այդ փխրուն խաղաղությունը վնասել, այդ փաստարկը միշտ գործում է, հիմա էլ կգործի: Պետք է անընդհատ բարձրացնել Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների բանտում գտնվելը որպես փատարկ, որ Ադրբեջանը մարդու իրավունքներից հեռու գտնվող երկիր է»,-ասաց Հովիկ Իգիթյանը:
Նա նշեց, որ զեկույցի ընդունման պատճառներից կարող է լինել Հայաստանի ԵՏՄ գնալը, Ռուսաստանին ամբողջությամբ կցվելը եւ կրելը, որը սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները եւ գցում Հայաստանի համբավը Եվրոպայում, «շատ պատվիրակներ կարող են դա օգտագործել հակահայկական բանաձեւերի տակ ստորագրելու առումով եւ սրանով նաեւ գցելով Ռուսաստանին»:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական կողմի հայտարարությանը, թե այդ զեկույցի հարցում չի համագործակցելու զեկուցողի հետ, ինչը ըստ Լեւոն Զուրաբյանի կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել եւ նույնիսկ նրան, որ Հայաստանը կարող է դուրս գալ Եվրախորհրդից, Հովիկ Իգիթյանն ասաց, որ անհեթեթություն է Եվրոխորհրդին ընդհանրապես շանտաժ ներկայացնել, որ մենք այդտեղից դուրս կգանք: «Որովհետեւ Եվրոխորհրդում անդամակցությունը ինքներս ենք ընտրել եւ այդ ընտանիքի անդամ լինելը մեզ օգնում է մարդու իրավունքների, ժողովրդավարության,ա յլընտրանքային իշխանության ընտրություններին առաջ տանելու համար եւ այդ հարցը այդ ձեւով չի կարելի դնել: Երբեք ուշ չի աշխատել, աշխատել փաստաթղթերով, շփվելով, բերել փաստերը, թե ինչ է նշանակում ԼՂՀ, ինչ են նշանակում այդ տարածքները, ինչու եւ երբ սկսվեց պատերազմը, այս ամենը պետք է նորմալ փաստաթղթերով մատչելի ներկայացնել կոլեգաներին»,-ասաց նա:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավարը շեշտեց, որ շատ հաճախ պատգամավորները մեղք չունեն, որովհետեւ արտգործնախարարությունը եւ իշխանությունները պետք է ներկայացնեն կոնֆլիկտի լուծման մի բանաձեւ որը հասկանելի լինի մեր հասարակությանը եւ եվրոպական կոլեգիաներին եւ կլինի ժողովրդավարություն զարգացնող բանաձեւ:



























