Վթարի ենթարկված «Շանթ» հեռուստաընկերության դերասան, 37-ամյա Տիգրան Մնացականյանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Արթմեդ» բժշկական կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ՝ դերասանի առողջական վիճակը նորմալ է, որեւէ լուրջ վնասվածք չի ստացել եւ հնարավոր է հենց այսօր էլ դուրս գրվի հիվանդանոց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հոկտեմբերի 6-ին, ժամը 08:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 29 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ 59-ամյա Գագիկ Մաճկալյանի վարած «Հյունդայի» մակնիշի 21 ՏՕ 163 համարանիշի եւ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 67-ամյա Վոլոդյա Խաչատրյանի վարած «Մազդա» մակնիշի 34 VՏ 874 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետեւանքով «Մազդայի» ուղեւոր, Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 37-ամյա Տիգրան Մնացականյանը մարմնական վնասվածքներով դիմել է «ԱրթՄեդ» բժշկական կենտրոն: Մնացականյանն աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես դերասան: